Մի վարպետի պատմություն կամ ինչպես Չերչիլը նպաստեց հայկական կոնյակի հետագա ճակատագրին
Մարգար Սեդրակյան՝ մարդ ով ստեղծել է հայկական և ուկրաինական կոնյակի լավագույն տեսակները։
Նրա ստեղծած էլիտար ըմպելիքները մեծ հաջողություններ էին ունենում դիվանագիտական ընդունելությունների ժամանակ, իսկ սըր Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է. «Երբեք մի՛ ուշացեք ճաշից, ծխե՛ք հավայան սիգար և խմե՛ք հայկական կոնյակ»։ Այնպես է ստացվել, որ հենց այս հայտնի բրիտանացի քաղաքական գործիչն է, որ առանց դրա մասին իմանալու անգամ 40-ականներին փրկել է «հայկական կոնյակների հայր» Մարգար Սեդրակյանին դժբախտ ճակատագրից։
ԵԶԱԿԻ ՏԱՂԱՆԴ
Խորամանկ քայլ՝ հանուն կոնյակի
1941-ին սկսված Մեծ հայրենական պատերազմը կարող էր հաստ խաչ քաշել Խորհրդային Միության կոնյակային արտադրության վրա։ Ընկեր Ստալինն անձամբ էր հրամայել, որ բոլոր գործարանները, որոնք սպիրտային խմիչքներ են արտադրում, ռազմական կատեգորիա ձեռք բերեն։
Դրանք պետք է ականավորվեին ու պայթեցվեին Թուրքիայի կամ Ճապոնիայի կողմից հանկարծակի հարձակման դեպքում։ Իր արդարացիության վրա վստահ լինելով՝ Մարգար Սեդրակյանը հրաժարվեց հրամանից և անձամբ հանձնեց պայթուցիկ նյութերը Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին։ 6 տարի անց նրա նկատմամբ հետապնդում նշանակվեց, և Սեդրակյանին ձերբակալեցին։
Երկրի գլխավոր դեգուստատորը ևս մեկ պաշտոնական չարաշահում է իրականացրել։ Բանն այն է, որ բոլոր պարզ սպիրտները պետք է ուղարկվեին ռազմական ճակատ, որտեղ դրանք բաժանվում էին զինվորներին հարձակումից առաջ։ Կոնյակային սպիրտները բաժանվում էին սպաներին և գեներալներին։ Գործարանների պահեստներում պետք է մնային միայն նախկինում թողարկված, արդեն պատրաստ կոնյակները։ Մարգար Սեդրակյանն օգտագործեց իր ողջ «հմայքը», որպեսզի համոզի Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովի աշխատակից Սնեգովսկուն անօրինական կերպով տպել 1000 պիտակ 1941-ի մարտից ենթադրաբար թողարկված, սակայն իրականում գոյություն չունեցող «Արտաշատ» կոնյակների համար։ Այդ անվան տակ հնարավոր եղավ պահպանել ԽՍՀՄ լավագույն կոնյակային սպիրտները, որն էլ հետագայում մեծ դեր ունեցավ մեր երկրի հեղինակության բարձրացման գործում։
Չերչիլի նոր ֆավորիտ խմիչքը
1942-ին Մարգար Սեդրակյանը ստեղծեց 50% թնդության յուրօրինակ «Դվին» կոնյակը, որն առաջին անգամ ներկայացվեց 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։ Որպես նվեր՝ այն բերվել էր Ուինսթոն Չերչիլի համար, ով այդ օրերին նշում էր իր 69-ամյակը։ Երբ բրիտանացի վարչապետը փորձեց այդ խմիչքը, հայտարարեց, որ այլևս երբեք չի դիպչի այլ կոնյակների։ Մինչև մահը՝ 1965 թ., նա եռամսյակը մեկ ԽՍՀՄ-ից ստանում էր 10 արկղ կոնյակ (յուրաքանչյուրում՝ 20 շիշ)։
1940-ականների վերջին Ուինսթոն Չերչիլը խնդրեց փոխանցել Ստալինին, որ իրեն ուղարկվող «Դվին» կոնյակի որակը կտրականապես ընկել է։ Չոր գինիների սիրահար Իոսիֆ Ստալինը պահանջեց արագորեն զբաղվել այդ հարցով։ Ծառայողական հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ խնդիրն առաջացել է, քանի որ դեգուստատորները լավ չեն տիրապետում անհրաժեշտ խառնուրդ ստեղծելու ճիշտ տեխնոլոգիային, իսկ Մարգար Սեդրակյանն այլևս Երևանում չի աշխատում։
Երևան վերադառնալուց հետո վարպետը վերականգնեց հայկական կոնյակների որակը՝ այնպիսի նոր կոնյակներ ստեղծելով, ինչպիսիք են «Երևանը», «Արարատը», «Տոնականը», «40-ամյան», «Նաիրին», «50-ամյան»։ Միայն 1967-ին հայտնվեց 26 տարի միայն թղթի վրա գոյություն ունեցած «Ախթամար» կոնյակը, իսկ արդեն վարպետի մահից հետո՝ «Վասպուրականը»։ Բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենիքին մատուցած մեծ ծառայության համար 1971-ին Մարգար Սեդրակյանին շնորհեցին «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումը։
Մեծ վարպետն ապրեց 66 տարի, իսկ նրա ստեղծած կոնյակները դեռ երկար տարիներ շարունակում էին միջազգային ցուցադրությունների ժամանակ լավագույն մրցանակների արժանանալ։ 2007 թ. Մարգար Սեդրակյանի 100-ամյակի կապակցությամբ թողարկեցին առաքման հատուկ նամականիշ։